Մատթեոս 28․ Քրիստոսի hարությւնը և կրկին երևալը։
⬅ Վերադառնալ
1
Շաբաթ երեկոյան, երբ կիրակին էր սկսվում, Մարիամ Մագդաղենացին ու մյուս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու։
2
Եվ ահա մեծ ցնցում եղավ, որովհետև Տիրոջ հրեշտակը, երկնքից իջնելով ու մոտենալով, գերեզմանի մուտքից քարը մի կողմ գլորեց և նստեց նրա վրա։
3
Նրա տեսքը կայծակի պես էր, հագուստը՝ ձյան պես սպիտակ։
4
Նրա ահից պահապաններն այլայլվեցին և մեռելի պես դարձան։
5
Հրեշտակը կանանց և ասաց. «Դուք մի՛ վախեցեք, գիտեմ, որ խաչված Հիսուսին եք փնտրում։
6
Նա այստեղ չէ, որովհետև հարություն առավ, ինչպես ասել էր։ Եկեք տեսե՛ք այն տեղը, որտեղ դրված էր։
7
Իսկույն գնացե՛ք, ասե՛ք Նրա աշակերտներին, որ մեռելներից հարություն առավ, և ահա ձեզնից առաջ գնում է Գալիլեա. այնտեղ կտեսնեք Նրան։ Ահա ասացի ձեզ»։
8
Կանայք, վախով ու մեծ ուրախությամբ գերեզմանից իսկույն դուրս ելնելով, վազեցին աշակերտներին պատմելու։
9
Հանկարծ Հիսուսը նրանց դիմաց ելավ և ասաց. «Ողջո՜ւյն ձեզ»։ Նրանք մոտենալով փարվեցին Նրա ոտքերին և երկրպագեցին Նրան։
10
Այդ ժամանակ Հիսուսը նրանց ասաց. «Մի՛ վախեցեք. գնացե՛ք, ասե՛ք իմ եղբայրներին, որ Գալիլեա գնան, և այնտեղ ինձ կտեսնեն»։
11
Երբ նրանք գնացին, պահակազորից ոմանք եկան քաղաք և քահանայապետներին պատմեցին այն ամենը, ինչ պատահել էր։
12
Նրանք էլ, ծերերի հետ միասին հավաքվելով, խորհրդակցեցին, բավական արծաթ դրամ տվեցին զինվորներին
13
և ասացին. «Կասեք, թե մինչ մենք քնած էինք, Նրա աշակերտները գիշերով եկան, գողացան Նրան։
14
Եվ եթե այս լուրը կառավարչի ականջին հասնի, մենք նրա սիրտը կշահենք և ձեզ հոգսից կազատենք»։
15
Զինվորները, արծաթ դրամները վերցնելով, արեցին այնպես, ինչպես իրենց սովորեցրել էին։ Եվ սրա համբավը մինչ օրս տարածված է հրեաների մեջ։
16
Իսկ տասնմեկ աշակերտները գնացին Գալիլեա, այն լեռը, ուր Հիսուսը կարգադրել էր նրանց։
17
Երբ Նրան տեսան, երկրպագեցին, բայց ոմանք երկմտեցին։
18
Հիսուսը մոտեցավ, խոսեց նրանց հետ և ասաց. «Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա։ Ինչպես որ Հայրն ուղարկեց ինձ, ես էլ ձեզ եմ ուղարկում։
19
Գնացե՛ք այսուհետև, աշակե՛րտ դարձրեք բոլոր ազգերին, մկրտե՛ք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով։
20
Սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ պատվիրեցի ձեզ։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վերջը»։