Մատթեոս 19:26
Հիսուսը նրանց նայելով ասաց. «Մարդկանց համար դա անհնար է, բայց Աստծո համար ամեն բան հնարավոր է»:
Այս համարում Հիսուսն արձագանքում է աշակերտների խորապես անկեղծ, բայց շփոթահար հարցին՝ «Ապա ո՞վ կարող է փրկվել»։ Նա բացատրում է, փրկության տրամաբանությունը։ Հիսուսը չի հակասում նախորդ համարում արտահայտած մտքին.Ուղտը իրոք չի կարող ասեղի ծակով անցնել և իրապես սրտով աշխարհին կապված մարդը իր ուժերով չի կարող փրկվել։ Բայց հիմա Նա բացահայտում է հույսի դուռը՝ Աստծո ներգործությունը։ «Մարդկանց կողմից անհնար է» — սա ճշգրտում է այն ճշմարտությունը, որ փրկությունը չի կարող ձեռք բերվել մարդկային ջանքերով, օրենքի պահպանմամբ կամ բարոյական վաստակով։ Ոչ մի մարդ չի կարող արժանանալ հավիտենական կյանքին սեփական ջանքերով։ Հիսուսի խոսքի երկրորդ մասը,որ Աստծո կողմից ամեն բան հնարավոր է, մի նախադասությամբ հստակեցնում է, որ փրկությունը Աստծո գործն է՝ Աստծո շնորհով, զորությամբ և կամքով։ Նա կարող է փոխել անգամ սրտով աշխարհիկ մարդկանց, կարող է նրանց դարձի բերել, ազատել ունեցվածքի կապից և փոխել դեպի հավիտենական արժանավորություն։ Հիսուսն այստեղ բացահայտում է ողջ ավետարանի առանցքը՝ փրկությունը շնորհ է, ոչ վաստակ։ Եվ միակ ճանապարհը դա ընդունելն է՝ ամբողջ սրտով, հնազանդությամբ ու խոնարհությամբ։