Մատթեոս 27:40
և ասում. «Դու, որ քանդում էիր տաճարը և երեք օրում վերաշինում, ազատի՛ր ինքդ քեզ. եթե Աստծու Որդին ես, ցած իջի՛ր այդ խաչից»։
Այս խոսքերը ցուցադրում են ամբոխի ծաղրն ու անգիտությունը․ նրանք հիշում էին Հիսուսի խոսքը տաճարի քանդման ու վերակառուցման մասին (Հովհ. 2:19), սակայն այն հասկացել էին մարմնավոր իմաստով։ Խաչի առջև նրանք կրկնում էին այդ խոսքը՝ որպես հեգնանք, չգիտակցելով, որ հենց այդ պահին էր իրականանում Նրա այդ խոսքը․ Իրական տաճարը Նրա մարմինն էր, որը պիտի «քանդվեր» մահվամբ և «վերաշինվեր» հարությամբ։ «Եթե Աստծո Որդին ես» արտահայտությունը նույն փորձությունն էր, որով սատանան մոտեցել էր Նրան անապատում (Մատթ. 4:3)՝ փորձելով Նրան շեղել խաչի ճանապարհից։ Սակայն Հիսուսը չպատասխանեց, որովհետև Իր լռությամբ իսկ բացահայտվելու էր Իր աստվածային իշխանությունը։ Այս տեսարանը ցույց է տալիս, որ մարդիկ հաճախ դատում են Աստծո գործերը ըստ արտաքին երևույթների, մինչդեռ Հիսուսն իրեն ազատելու փոխարեն ազատում էր մարդկությանը մեղքերից: Եվ եթե մարդկային աչքը տեսնում էր պարտության ընթացք ապա Աստծո աչքում կերտվում էր ամբողջական հաղթանակ։