Մատթեոս 13․ Առակներ սերմնացանի, որոմի, մանանեխի, խմորի, ծածկված գանձի, մարգարիտի և ծովը գցված ուռկանի մասին:
⬅ Վերադառնալ
1
Այն օրը Հիսուսը տանից դուրս գալով՝ նստեց ծովի եզերքին։
2
Նրա շուրջ ժողովրդի այնպիսի բազմություն հավաքվեց, որ Նա նավակի մեջ նստեց, իսկ ամբողջ ժողովուրդը լճի եզերքին կանգնած մնաց։
3
Եվ Նա նրանց հետ շատ բաներ խոսեց առակներով՝ ասելով.
4
«Ահա սերմնացանը դուրս եկավ սերմանելու։ Եվ երբ նա սերմանում էր, մի քանի սերմնահատիկ ընկավ ճանապարհի եզերքին, և երկնքի թռչունները եկան ու կերան դրանք։
5
Եվ ուրիշները ընկան քարքարոտ տեղ, ուր շատ հող չկար, և իսկույն բուսնեցին՝ խոր հող չունենալու պատճառով:
6
Բայց երբ արևը ծագեց, վառվեցին, և որովհետև արմատ չունեին, չորացան:
7
Եվ ուրիշները ընկան փշերի մեջ, և փշերը բարձրացան ու դրանց խեղդեցին:
8
Իսկ ուրիշներն էլ բարեբեր հողի վրա ընկան և պտուղ տվեցին. մեկը՝ հարյուր, մյուսը՝ վաթսուն, իսկ մյուսը՝ երեսուն:
9
Ով լսելու ականջ ունի, թող լսի»։
10
Եվ աշակերտները մոտեցան նրան ու ասացին. «Ինչո՞ւ ես նրանց հետ առակներով խոսում»։
11
Նա պատասխանեց ու ասաց նրանց. «Քանի որ ձեզ է տրված իմանալ երկնքի արքայության խորհուրդները, իսկ նրանց տրված չէ:
12
Քանի որ ով ունի, նրան կտրվի ու կավելացվի, իսկ ով չունի, նրանից ունեցածն էլ կվերցվի:
13
Դրա համար եմ նրանց հետ առակներով խոսում, որ նայելով՝ չեն տեսնում, և ականջ դնելով՝ չեն լսում ու չեն հասկանում:
14
Եվ նրանց վրա կատարվում է Եսայի մարգարեությունը, որը ասում է. “Շարունակ կլսեք ու չեք հասկանա, անդադար կնայեք ու չեք տեսնի:
15
Որովհետև այս ժողովրդի սիրտը կարծրացավ, իրենց ականջներով ծանր լսեցին, և իրենց աչքերը փակեցին, միգուցե աչքերով տեսնեն և ականջներով լսեն և սրտով իմանան և ետ դառնան և ես նրանց բժշկեմ”:
16
Բայց երանի՛ ձեր աչքերին, որ տեսնում են, և ձեր ականջներին, որ լսում են։
17
Որովհետև ճշմարիտ եմ ասում ձեզ, որ շատ մարգարեներ և արդարներ ցանկացան տեսնել այն, ինչ դուք տեսնում եք, բայց չտեսան, և լսել այն, ինչ դուք լսում եք, բայց չլսեցին:
18
Արդ դուք հիմա լսեք սերմնացանի առակը:
19
Ամեն ոք, ով լսում է Աստծո արքայության խոսքը և չի հասկանում, չարը գալիս է և հափշտակում նրա սրտում սերմանված խոսքը. սա է ճանապարհի եզերքին ընկած սերմը:
20
Իսկ քարքարոտ հողի վրա ընկած սերմը այն մարդն է, ով լսելով խոսքը, իսկույն ուրախությամբ ընդունում է այն,
21
բայց քանի որ իր ներսում արմատ չունի, այլ ժամանակավոր է, ապա երբ այդ խոսքի պատճառով նեղություն կամ հալածանք է գալիս, շուտով գայթակղվում է:
22
Իսկ փշերի մեջ ընկած սերմը այն մարդն է, ով լսում է խոսքը, բայց այս աշխարհի հոգսերը և հարստության պատրանքները խեղդում են այն, և այն անպտուղ է մնում:
23
Իսկ բարեբեր հողի վրա ընկած սերմն այն մարդն է, ով լսում է խոսքը և հասկանում, ու պտուղ է տալիս. մեկը՝ հարյուրապատիկ, մյուսը՝ վաթսունապատիկ, իսկ մյուսը՝ երեսնապատիկ»:
24
Հիսուսը նրանց մեկ այլ առակ էլ պատմեց ու ասաց. «Երկնքի արքայութիւնը նման է մի մարդու, որ իր արտում բարի սերմ ցանեց:
25
Եվ երբ մարդիկ քնած էին, նրա թշնամին եկավ, ցորենի մեջ որոմներ ցանեց ու հեռացավ։
26
Եվ երբ խոտը աճեց ու պտուղ տվեց, այդ ժամանակ որոմներն էլ երևացին։
27
Եվ տան տիրոջ ծառաները մոտենալով նրան ասացին. “Տե՛ր, մի՞թե դու քո արտում բարի սերմ չսերմանեցիր, ապա ինչպե՞ս հայտնվեցին որոմները”:
28
Նա էլ ասեց նրանց. “Թշնամի մարդ է արել այդ”։ Ծառաներն էլ ասեցին նրան. “Հիմա կամենո՞ւմ ես, որ գնանք դրանք քաղհանենք”։
29
Նա էլ ասաց. “Ոչ, որովհետև որոմները քաղելիս միգուցե ցորենն էլ դրանց հետ պոկեք:
30
Թողեք, որ երկուսն էլ միասին մեծանան մինչև հունձքը, և հունձքի ժամանակ հնձողներին կասեմ. -Առաջ որոմները քաղեք ու դրանք խուրձ խուրձ կապեք այրելու համար, իսկ ցորենը հավաքեք իմ ամբարի մեջ”»:
31
Նրանց մեկ այլ առակ էլ պատմեց՝ ասելով. «Երկնքի արքայությունը նման է մանանեխի հատիկի, որը մի մարդ վերցրեց ու սերմեց իր արտում:
32
Այն ամեն սերմերից փոքրն է, բայց երբ աճում է, բոլոր բույսերից ավելի մեծ է լինում ու ծառ է դառնում, այնպես որ երկնքի թռչունները գալիս ու հանգիստ են առնում դրա ճյուղերի մեջ»։
33
Նրանց մեկ այլ առակ էլ ասաց. «Երկնքի արքայությունը նման է թթխմորի, որը մի կին վերցրեց և դրեց երեք չափ ալյուրի մեջ, մինչև որ ամբողջը խմորվեց»։
34
Այս ամենը Հիսուսը ասաց ժողովրդին առակներով, և առանց առակի չէր խոսում նրանց հետ։
35
Որպեսզի կատարվի մարգարեի միջոցով ասվածը․ «Առակներով կբացեմ իմ բերանը կբացահայտեմ աշխարհի սկզբից ի վեր, ծածկված բաները» (սաղ. 78.2)։
36
Այդժամ Հիսուսը ժողովրդին թողեց և եկավ տուն։ Աշակերտները մոտեցան Նրան և ասացին. «Բացատրի՛ր մեզ արտի որոմների առակը»։
37
Նա էլ պատասխան տվեց նրանց և ասաց, «Բարի սերմ ցանողը մարդի Որդին է,
38
Եվ արտն աշխարհն է, բարի սերմը նրանք են, որ արքայության որդիներ են. Եվ որոմները չարի որդիներն են։
39
Եվ թշնամին, ով սերմեց նրանց, սատանան է։ Հունձքն էլ աշխարհի վերջն է, իսկ հնձողները հրեշտակներն են:
40
Արդ, ինչպես որոմները հավաքում են ու կրակով այրում, այնպես էլ կլինի աշխարհի վերջում:
41
Մարդու Որդին կուղարկի իր հրեշտակներին, և նրանք Նրա արքայությունից կհավաքեն բոլոր գայթակղությունները և անօրինություն գործողներին.
42
Եվ նրանց կգցեն կրակի հնոցը. այնտեղ կլինի լացը և ատամների կրճտոցը:
43
Այդ ժամանակ արդարները արեգակի պես կփայլեն իրենց Հոր արքայության մեջ։ Ով որ լսելու ականջ ունի՝ թող լսի:
44
Երկնքի արքայությունը նման է մի արտում թաքցված գանձի, որը երբ մի մարդ գտավ, թաքցրեց: Նա ուրախությունից ելնելով գնաց և վաճառեց ամբողջ ունեցածն ու գնեց այդ արտը:
45
Դարձյալ երկնքի արքայությունը նման է մի վաճառականի, ով գեղեցիկ մարգարիտներ էր որոնում
46
և մի թանկագին մարգարիտ գտնելով՝ գնում վաճառում է իր ամբողջ ունեցածը և գնում է այն:
47
Դարձյալ, երկնքի արքայությունը նման է ծովը գցված ուռկանի, որ ամեն տեսակ ձկնեղեն է հավաքում,
48
և երբ լցվեց, ցամաք հանեցին և նստեցին, լավերն ամանների մեջ հավաքեցին, իսկ անպետքները դուրս գցեցին:
49
Այսպես կլինի աշխարհի վերջում. հրեշտակները դուրս կգան և կջոկեն չարերին արդարների միջից:
50
Եվ նրանց կգցեն կրակի հնոցի մեջ. այնտեղ կլինի լացը և ատամների կրճտոցը::
51
Հիսուսը նրանց ասաց. «Հասկացա՞ք այս բոլորը»։ Նրան ասացին. «Այո՛, Տեր»։
52
Նա էլ ասաց նրանց. «Դրա համար ամեն դպիր, որ երկնքի արքայությանն է աշակերտել, նման է մի տանուտեր մարդու, որ իր գանձարանից նոր ու հին իրեր է հանում»:
53
Երբ Հիսուսն այս առակներն ավարտեց, հեռացավ այդտեղից:
54
Եվ եկավ իր հայրենի գավառը և ուսուցանում էր նրանց ժողովարանում, այնպես որ նրանք զարմանում էին և ասում. «Որտեղի՞ց Նրան այս իմաստությունն ու հրաշագործ զորությունը։
55
Չէ՞ որ սա հյուսնի որդին է։ Չէ՞ որ նրա մայրը Մարիամ է կոչվում, իսկ եղբայրները՝ Հակոբոս, Հովսես, Սիմոն և Հուդա:
56
Չէ՞որ Նրա բոլոր քույրերն էլ մեզ մոտ են։ Ուրեմն ո՞րտեղից է Նրան այս ամենը»:
57
Եվ գայթակղվում էին Նրանով։ Իսկ Հիսուսը նրանց ասաց. «Մարգարեն անարգված չէ, եթե ոչ իր հայրենիքում և իր տանը»։
58
Եվ այնտեղ շատ հրաշքներ չգործեց, նրանց անհավատության պատճառով։