Մատթեոս 1․ Քրիստոսի ազգաբանությունը և ծնունդը։
⬅ Վերադառնալ
1
Աբրահամի որդի Դավիթի որդի Հիսուս Քրիստոսի ծննդյան գիրքը։
2
Աբրահամը ծնեց Իսահակին․ և Իսահակը ծնեց Հակոբին․ Հակոբը ծնեց Հուդային և նրա եղբայրներին։
3
Հուդան ծնեց Փարէսին եւ Զարային Թամարից. Փարէսը ծնեց Եսրոնին.
4
Եսրոնը ծնեց Արամին. Արամը ծնեց Ամինադաբին. Ամինադաբը ծնեց Նաասոնին. Նաասոնը ծնեց Սաղմոնին.
5
Սաղմոնը ծնեց Բոոսին Ռախաբից. Բոոսը ծնեց Ովբեդին Հռութից. Ովբեդը ծնեց Հեսսեյին. Հեսսեն ծնեց Դավիթ թագավորին.
6
Դավիթ թագավորը ծնեց Սողոմոնին Ուրիայի կնոջից:
7
Սողոմոնը ծնեց Ռոբովամին: Ռոբովամը ծնեց Աբիային: Աբիան ծնեց Ասային:
8
Ասան ծնեց Հովսափատին. Հովսափատը ծնեց Հովրամին.
9
Հովրամը ծնեց Ոզիային. Ոզիան ծնեց Հովաթամին. Հովաթամը ծնեց Աքազին. Աքազը ծնեց Եզեկիային.
10
Եզեկիան ծնեց Մանասէին. Մանասէն ծնեց Ամոնին. Ամոնը ծնեց Հովսիային։
11
Հովսիան ծնեց Հեքոնիային և նրա եղբայրներին՝ Բաբելոնի գերության ժամանակին։
12
Բաբիլոնի գերությունից հետո Հեքոնիան ծնեց Սաղաթիէլին. Սաղաթիէլը ծնեց Զորաբաբելին:
13
Զորաբաբելը ծնեց Աբիուդին. Աբիուդը ծնեց Եղիակիմին. Եղիակիմը ծնեց Ազովրին.
14
Ազովրը ծնեց Սադովկին. Սադովկը ծնեց Աքինին.
15
Աքինը ծնեց Եղիուդին. Եղիուդը ծնեց Եղիազարին. Եղիազարը ծնեց Մատթանին. Մատթանը ծնեց Հակոբին.
16
Հակոբը ծնեց Հովսէփին՝ Մարիամի մարդուն, որից ծնվեց Հիսուսը, որ կոչվում է Քրիստոս։
17
Արդ, Աբրահամից մինչև Դավիթ բոլոր սերունդները տասնչորսն են, Դավթից մինչև Բաբելոնյան գերությունը՝ տասնչորս սերունդ, և Բաբելոնյան գերությունից մինչև Քրիստոս՝ տասնչորս սերունդ։
18
Հիսուս Քրիստոսի ծնունդն այսպես եղավ։ Նրա մայրը՝ Մարիամը, նշանված էր Հովսեփի հետ։ Նախքան նրանց մերձենալը Մարիամը հղիացավ Սուրբ Հոգուց։
19
Եվ նրա մարդը՝ Հովսեփը, արդար լինելով, և չուզելով նրան խայտառակել, խորհեց ծածուկ արձակել նորան։
20
Մինչ նա այս մասին էր մտորում, ահա Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևաց նրան և ասաց. «Հովսե՛փ, Դավթի՛ որդի, մի՛ վախեցիր քեզ մոտ վերցնելու Մարիամին՝ քո կնոջը, որովհետև նրա մեջ ծնունդ առածը Սուրբ Հոգուց է։
21
Նա մի որդի պիտի ծնի, և նրա անունը Հիսուս պիտի դնես, որովհետև Նա իր ժողովրդին պիտի փրկի իր մեղքերից»։
22
Եվ այս ամենը եղավ, որպեսզի կատարվի Տիրոջ կողմից Եսայի մարգարեի միջոցով ասվածը.
23
«Ահա կույսը կհղիանա և որդի կծնի, և Նրան կկոչեն Էմմանուել» (Ես. 7.14), որ նշանակում է «Աստված մեզ հետ»։
24
Հովսեփը, քնից արթնանալով, արեց այնպես, ինչպես Տիրոջ հրեշտակը հրամայել էր իրեն, և իր կնոջն իր մոտ առավ:
25
Եվ նրան չմերձեցավ, մինչև նա ծնեց իր անդրանիկ որդուն, և Նրա անունը դրեց Հիսուս: