Մատթեոս 2․ Մոգերի Երուսաղեմ ժամանումը։ Հերովդեսը։ Քրիստոսը Եգիպտոսում։
⬅ Վերադառնալ
1
Երբ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթլեհեմ քաղաքում Հերովդես թագավորի օրերում, ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ,
2
և ասացին. «Որտե՞ղ է հրեաների նորածին արքան, որովհետև Նրա աստղը տեսանք արևելքում և եկանք Նրան երկրպագելու»։
3
Եվ երբոր Հերովդես թագավորը լսեց, վրդովվեց, և նրա հետ՝ ամբողջ Երուսաղեմը:
4
Եվ նա իր մոտ հավաքեց բոլոր քահանայապետներին եւ ժողովրդի դպիրներին ու նրանցից հարցրեց, թե որտե՛ղ էր ծնվելու Քրիստոսը:
5
Նրանք պատասխանեցին նրան. «Հրեաստանի Բեթլեհեմում, որովհետև մարգարեի միջոցով այսպես է գրված։
6
“Եվ դու, Բեթլեհե՛մ, Հուդայի՛ երկիր, բնավ փոքրագույնը չես Հուդայի քաղաքների մեջ. քեզնից մի իշխան կելնի ինձ համար,ով կհովվի իմ ժողովրդին՝ Իսրայելին” (Միք. 5.1 (5.2))»։
7
Այդ ժամանակ Հերովդեսը մոգերին գաղտնի կանչելով, նորանցից ճշտեց այդ աստղի երևալու ժամանակը։
8
Ապա նրանց Բեթլեհեմ ուղարկեց՝ ասելով. «Գնացե՛ք, ստույգ տեղեկացե՛ք մանկան մասին և երբ գտնեք, հայտնե՛ք ինձ, որպեսզի ես էլ գամ և երկրպագեմ նրան»։
9
Նրանք թագավորին լսելուց հետո ճանապարհ ընկան։ Եվ ահա այն աստղը, որը տեսել էին արևելքում, առաջնորդեց նրանց, մինչև որ եկավ ու կանգ առավ այն տեղի վրա, որտեղ մանուկն էր։
10
Եվ երբոր նորանք տեսան այն աստղը, մեծ ուրախություն ապրեցին։
11
Երբ տուն մտան, տեսան մանկանն իր մոր՝ Մարիամի հետ, և առջևն ընկնելով՝ երկրպագեցին նրան։ Ապա բացելով իրենց գանձատուփերը՝ նրան ընծաներ մատուցեցին՝ ոսկի, կնդրուկ և զմուռս։
12
Եվ երազում հրաման առան hետ չվերադառնան Հերովդեսի մոտ. Եվ ուրիշ ճանապարհով գնացին իրենց երկիրը։
13
Երբ նրանք այնտեղից հեռացան, ահա Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևաց Հովսեփին և ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ երեխային ու նրա մորը և փախի՛ր Եգիպտոս. այնտե՛ղ մնա, մինչև ասեմ քեզ, որովհետև Հերովդեսը փնտրում է մանկանը, որ նրան սպանի»։
14
Հովսեփն արթացավ, գիշերով վերցրեց երեխային ու նրա մորը և մեկնեց Եգիպտոս:
15
Նա այնտեղ մնաց մինչև Հերովդեսի վախճանը, որպեսզի իրականանար Տիրոջ կողմից մարգարեի միջոցով ասվածը. «Եգիպտոսի՛ց եմ կանչելու իմ Որդուն» (Ովս. 11.1)։
16
Այդ ժամանակ Հերովդեսը, տեսնելով, որ մոգերից խաբվել է, սաստիկ բարկացավ։ Մարդ ուղարկեց ու կոտորեց Բեթլեհեմում ու նրա շրջակայքում գտնվող երկու տարեկան ու ավելի փոքր բոլոր մանուկներին՝ ըստ այն ժամանակի, որը ճշտել էր մոգերից։
17
Այն ժամանակ կատարվեց Երեմիա մարգարեի միջոցով ասվածը, որ ասում է.
18
Ձայն լսվեց Ռամայում՝ ողբ, լաց և կոծ. Ռաքելը իր որդկանց վրա լաց էր լինում, և չէր ուզում մխիթարվել, որովհետև նրանք չկան:
19
Երբ Հերովդեսը մահացավ, Տիրոջ հրեշտակը երազում երևաց Հովսեփին Եգիպտոսում,
20
և ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ երեխային ու նրա մորը և գնա՛ Իսրայելի երկիրը, որովհետև երեխայի կյանքը որոնողները մեռել են»։
21
Եվ նա վեր կացավ, վերցրեց մանկանն ու նրա մորը և եկավ Իսրայելի երկիր։
22
Բայց երբ լսեց, թե Արքեղայոսն է թագավորում Հրեաստանում իր հոր՝ Հերովդեսի փոխարեն, վախեցավ այնտեղ գնալ և երազի մեջ հրաման ստանալով՝ գնաց Գալիլեայի կողմերը։
23
Եկավ բնակվեց Նազարեթ կոչվող քաղաքում, որպեսզի իրականանար մարգարեների միջոցով ասվածը, թե Նազովրեցի է կոչվելու։