Մատթեոս 4․ Քրիստոսի ծոմը։ Պետրոս և Անդրեաս։ Հակոբոս և Հովհաննէս։

⬅ Վերադառնալ
1 Դրանից հետո Հիսուսը Սուրբ Հոգու կողմից անապատ տարվեց, որ փորձվի սատանայից: 2 Ու քառասուն օր և քառասուն գիշեր ծոմ պահելուց հետո քաղց զգաց։ 3 Եվ փորձիչը Նրան մոտենալով ասաց. «Եթե Աստծո որդին ես, ասա, որ այս քարերը հաց դառնան»։ 4 Նա պատասխանեց և ասաց. «Գրված է.“Ոչ միայն հացով է ապրում մարդ, այլ ամեն խոսքով, որ ելնում է Աստծու բերանից” (Բ Օր. 8.3)»։ 5 Ապա սատանան նրան տարավ սուրբ քաղաքը, և կանգնեցրեց նրան տաճարի աշտարակի վրա: 6 Եվ ասաց Նրան. «Եթե Աստծու որդին ես, քեզ այստեղից ցա՛ծ նետիր, որովհետև գրված է. “Իր հրեշտակներին պատվիրել է քեզ համար, և նրանք իրենց ձեռքերի վրա պիտի վերցնեն քեզ, որպեսզի ոտքդ երբեք քարին չխփես” (Սաղ. 90(91).11ա, 12)» 7 Հիսուսը նրան դարձյալ ասաց. «Գրված է. “Չփորձե՛ս Տիրոջը՝ քո Աստծուն” (Բ Օր. 6.16)»։ 8 Դարձյալ սատանան Նրան տարավ մի շատ բարձր սար և ցույց տվեց Նրան աշխարհի բոլոր թագավորությունները և նրանց փառքը։ 9 Եվ ասաց Նրան. «Այս ամենը քեզ կտամ, եթե առջևս ընկնելով երկրպագես ինձ»։ 10 Այդ ժամանակ Հիսուսն ասաց նրան. «Հեռու՛ գնա, սատանա՛, որովհետև գրված է. “Տիրոջը՝ քո Աստծուն, կերկրպագես և միայն Նրան կպաշտես” (Բ Օր. 6.13)»։ 11 Ապա սատանան թողեց նրան, և ահա հրեշտակներ մոտեցան և ծառայում էին Հիսուսին։ 12 Եվ երբ Հիսուսը լսեց, որ Հովհաննեսը մատնվեց, հեռացավ և գնաց Գալիլեա։ 13 Եվ Նազարեթը թողնելով՝ եկավ բնակվեց ծովեզրյա Կափառնայումում, Զաբուղոնի և Նեփթաղիմի սահմաններում։ 14 Որ կատարուի Եսայի մարգարեի միջոցով ասվածը, որը ասում է. 15 «Զաբուղոնի երկիր և Նեփթաղիմի երկիր, ծովի ճանապարհ և Հորդանանի այն կողմը, հեթանոսներով բնակեցված Գալիլեա։ 16 Այն ժողովուրդը, որ խավարի մեջ էր նստում, մեծ լույս տեսավ, և լույս ծագեց նրանց համար, որ ապրում էին ստվերով պարուրված մահվան աշխարհում» (Ես. 8.23բ–9.1)։ 17 Այնուհետև Հիսուսն սկսեց քարոզել ու ասել. «Ապաշխարե՛ք, որովհետև մոտեցել է երկնքի արքայությունը»։ 18 Եվ Հիսուսը Գալիլեայի ծովի եզերքով քայլելիս տեսավ երկու եղբոր՝ Սիմոնին, որը կոչվում էր Պետրոս, և նրա եղբայր Անդրեասին, ովքեր ծովում ցանց էին նետում, քանի որ ձկնորս էին: 19 Հիսուսը նրանց ասաց. «Եկե՛ք Իմ հետևից, և ես ձեզ մարդկանց որսորդներ կդարձնեմ»։ 20 Եվ նրանք անմիջապես թողեցին իրենց ուռկանները ու գնացին Նրա հետևից: 21 Այնտեղից առաջանալով Հիսուսը տեսավ ուրիշ երկու եղբայրների՝ Զեբեդոսի որդի Հակոբոսին, և նրա եղբայր Հովհաննեսին, որոնք Զեբեդեոսի հետ նավի մեջ էին և իրենց ցանցերը կարգի էին բերում, և կանչեց նրանց: 22 Նրանք ևս անմիջապես թողեցին նավն ու իրենց հորը ու գնացին Նրա հետևից: 23 Եվ Հիսուսը շրջում էր ամբողջ Գալիլեայում՝ ուսուցանում նրանց ժողովարաններում, Աստծո արքայության ավետարանը քարոզում, և ժողովրդի մեջ եղած բոլոր հիվանդություններն ու ցավերը բժշկում: 24 Նրա համբավը տարածվեց ամբողջ Ասորիքով մեկ: Հիսուսի մոտ բերեցին բոլոր հիվանդներին, ովքեր տառապում էին տարբեր ցավերից և տանջանքներից՝ դիվահարների, լուսնոտների, անդամալույծների։ Եվ նա բժշկում էր նրանց: 25 Եվ նրա հետևից գնում էին մեծ բազմություններ Գալիլեայից, Դեկապոլիսից, Երուսաղեմից, Հրեաստանից և Հորդանանի մյուս կողմից:
🏠 Գլխավոր էջ