Մատթեոս 17․ Քրիստոսի պայծառակերպությունը։ լուսնոտի բժշկումը և տաճարի տուրքի հատուցումը:
⬅ Վերադառնալ
1
Վեց օր անց Հիսուսը վերցրեց Պետրոսին, Հակոբոսին և նրա եղբայր Հովհաննեսին, և նրանց առանձին մի բարձր լեռ հանեց:
2
Եվ նրանց առաջ այլակերպվեց. Նրա երեսը արեգակի պես փայլեց, իսկ հանդերձները լույսի պես սպիտակ դարձան:
3
Եվ ահա երևացին նրանց Մովսեսը և Եղիան, որոնք խոսում էին Հիսուսի հետ:
4
Եվ Պետրոսը ասաց Հիսուսին. «Տե՛ր, լավ է, որ մենք այստեղ մնանք. եթե կամենաս, այստեղ երեք տաղավար կշինենք, մեկը քեզ համար, մեկը Մովսեսի համար, և մեկն էլ՝ Եղիայի:
5
Երբ նա դեռ խոսում էր, ահա մի լուսավոր ամպ ծածկեց նրանց, և ահա մի ձայն հնչեց այդ ամպից՝ ասելով․ «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ բարեհաճությունը. Դրան լսեցեք»։
6
Եվ երբ աշակերտները դա լսեցին, իրենց երեսներով ընկան գետնին և շատ վախեցան:
7
Եվ Հիսուսը մոտեցավ, նրանց դիպավ և ասաց. «Վեր կացեք և մի վախեցեք»:
8
Եվ նրանք բարձրացրին իրենց աչքերը և ոչ ոքի չտեսան, բացի Հիսուսից:
9
Եվ երբ նրանք լեռից իջնում էին, Հիսուսը նրանց պատվիրեց ու ասաց. «Այդ տեսիլքի մասին ոչ ոքի չասեք, մինչև որ Մարդու Որդին մեռելներից հարություն չառնի»:
10
Աշակերտները Նրան հարցրին. «Ապա ինչո՞ւ են դպիրներն ասում, թե նախ Եղիան պետք է գա»:
11
Եվ Հիսուսը պատասխանեց ու ասաց նրանց. «Ճշմարիտ է, պետք է առաջ Եղիան գա և ամեն բան վերահաստատի։
12
Բայց Ես ասում եմ ձեզ, որ Եղիան արդեն եկել է, և նրան չճանաչեցին, այլ նրա հետ վարվեցին ինչպես կամեցան. այդպես էլ Մարդու Որդին է նրանց կողմից չարչարվելու»։
13
Այդ ժամանակ աշակերտները հասկացան, որ Հովհաննես Մկրտչի մասին էր ասում իրենց:
14
Եվ երբ նրանք ժողովրդի մոտ եկան, մի մարդ մոտեցավ Հիսուսին, ծնկի իջավ և ասաց.
15
«Տե՛ր, ողորմիր իմ որդուն, որովհետև լուսնոտ է և խիստ տանջվում է. հաճախ ընկնում է կրակի կամ ջրի մեջ:
16
Ես նրան քո աշակերտների մոտ բերեցի, բայց նրանք չկարողացան բժշկել»։
17
Եվ Հիսուսը պատասխանեց ու ասաց. «Ով անհավատ և խոտոր սերունդ, մինչև ե՞րբ պետք է ձեզ հետ լինեմ, մինչև ե՞րբ պետք է ձեզ համբերեմ. բերե՛ք նրան այստեղ՝ ինձ մոտ»։
18
Եվ Հիսուսը սաստեց նրան, և դևը նրանից դուրս եկավ, ու տղան նույն պահին բժշկվեց:
19
Այդ ժամանակ աշակերտները առանձին եկան Հիսուսի մոտ և ասացին. «Մենք ինչո՞ւ չկարողացանք հանել նրան»։
20
Եվ Հիսուսն ասաց նրանց. «Ձեր թերահավատության պատճառով։ Որովհետև ճշմարիտ եմ ասում ձեզ՝ եթե մանանեխի հատիկի չափ հավատք ունենաք, այս սարին կասեք՝ “Փոխադրվիր այստեղից այնտեղ” և նա կփոխադրվի, և ձեզ համար ոչինչ անհնար չի լինի։
21
Բայց այս դիվային սերունդն այլ կերպ դուրս չի գալիս, եթե ոչ աղոթքով ու ծոմով»:
22
Եվ երբ նրանք շրջում էին Գալիլեայում, Հիսուսն ասաց նրանց. «Մարդու Որդին մատնվելու է մարդկանց ձեռքը։
23
Եվ Նրան պիտի սպանեն, և երրորդ օրը Նա հարություն կառնի»։ Եվ նրանք շատ տխրեցին։
24
Երբ նրանք եկան Կափառնայում, տաճարի երկդրամյան հարկ հավաքողները մոտեցան Պետրոսին և ասացին. «Ձեր Վարդապետը երկդրամյանը չի՞ վճարում»։
25
Նա ասաց. «Այո վճարում է»։ Երբ նա տուն մտավ, Հիսուսը նրան կանխեց և ասաց. «Քեզ ինչպե՞ս է թվում, Սիմոն, երկրի թագավորներն ումի՞ց են վերցնում հարկը կամ տուրքը՝ իրենց որդիների՞ց, թե՞ օտարներից»:
26
Պետրոսն ասաց Նրան՝ Օտարներից։ Հիսուսն էլ ասաց նրան. «Ուրեմն, որդիներն ազատ են։
27
Բայց որպեսզի նրանց չգայթակղեցնենք, գնա ծովը, կարթ գցիր, և առաջին դուրս եկած ձուկը վերցրու, բացիր նրա բերանը այնտեղ մի սատեր կգտնես: Վերցրու այն և տուր նրանց՝ Իմ և քո տեղը»։