Մատթեոս 24․ Քրիստոսը կանխավ հայտնում է Տաճարի, Երուսաղեմի և Հուդայի կործանման մասին: Պատվիրում է արթուն մնալ։
⬅ Վերադառնալ
1
Երբ Հիսուսը տաճարից դուրս էր եկել և գնում էր, աշակերտները մոտեցան, որ Նրան տաճարի շինվածքը ցույց տան:
2
Եվ Հիսուսը պատասխանեց ու ասաց նրանց. «Տեսնո՞ւմ եք այս ամենը։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, այստեղ քարը քարի վրա չի մնալու, որ չքանդվի»:
3
Մինչ Նա Ձիթենյաց սարի վրա նստած էր, աշակերտները առանձին մոտեցան Նրան և ասացին. «Ասա մեզ, ե՞րբ է լինելու դա և ո՞րն է լինելու Քո գալստյան և աշխարհի վախճանի նշանը»։
4
Հիսուսը պատասխանեց և ասաց նրանց. «Զգո՛ւյշ եղեք, որ որևէ մեկը ձեզ չխաբի,
5
Որովհետև շատերն Իմ անունով կգան և կասեն. “Ես եմ Քրիստոսը”, և շատերին կմոլորեցնեն:
6
Պատերազմների ձայներ և պատերազմների լուրեր կլսեք. Տեսե՛ք, որ չսարսափեք, որովհետև այդ ամենը պետք է լինի, սակայն դա դեռ վերջը չէ:
7
Ազգն ազգի դեմ վեր կկենա, և թագավորությունը՝ թագավորության դեմ. և սովեր կլինեն և մահեր և տեղ-տեղ երկրաշարժեր:
8
Բայց այս ամենը երկունքի սկիզբն է:
9
Այդ ժամանակ ձեզ պիտի մատնեն նեղության և ձեզ պիտի սպանեն, Իմ անունի համար բոլոր ազգերի կողմից ատված եք լինելու:
10
Եվ այդ ժամանակ շատերը պիտի գայթակղվեն, իրար պիտի մատնեն ու իրար պիտի ատեն:
11
Եվ Բազում սուտ մարգարեներ են ելնելու և շատերին մոլորեցնելու են:
12
Եվ անօրինության բազմանալու պատճառով շատերի սերը պիտի սառչի:
13
Բայց ով մինչև վերջը համբերի, նա պիտի փրկվի:
14
Եվ Արքայության այս Ավետարանը քարոզվելու է ամբողջ աշխարհում՝ որպես վկայություն բոլոր հեթանոսներին, և այդ ժամանակ գալու է վերջը:
15
Արդ, երբ տեսնեք “ավերածության սրբապղծությունը”, որ ասվել է Դանիել մարգարեի միջոցով, կանգնած սրբության տեղում (ով կարդում է, թող հասկանա),
16
Այդ ժամանակ նրանք, ովքեր Հրեաստանում են, թող փախչեն դեպի լեռները,
17
ով տանիքի վրա լինի, թող չիջնի տնից բան վերցնելու,
18
ով հանդում լինի, թող հետ չդառնա իր հագուստները վերցնելու:
19
Բայց վա՜յ այն օրերին հղիներին և ստնտուներին:
20
Աղոթե՛ք, որ ձեր փախուստը ձմռանը չլինի, ոչ էլ շաբաթ օրը:
21
Որովհետև այդ ժամանակ այնպիսի մեծ նեղություն կլինի, որպիսին չի եղել աշխարհի սկզբից մինչև այժմ և ոչ էլ երբևէ կլինի։
22
Եվ եթե այդ օրերը չպակասեցվեին, ոչ մի մարդ չէր փրկվի, բայց ընտրյալների համար այդ օրերը կպակասեցվեն:
23
Այդ ժամանակ, եթե մեկը ձեզ ասի՝ “ահա այստեղ է Քրիստոսը կամ այնտեղ”՝ մի՛ հավատացեք:
24
Որովհետև ելնելու են սուտ Քրիստոսներ ու սուտ մարգարեներ և մեծ նշաններ ու հրաշքներ են ցույց տալու, որ եթե հնարավոր լինի, մոլորեցնեն նույնիսկ ընտրյալներին։
25
Ահա նախապես ասացի ձեզ:
26
Արդ եթե ասեն ձեզ՝ “Ահա անապատում է”, չելնեք, կամ թե՝ “Ահա՛ մառանում է”, չհավատաք:
27
Որովհետև ինչպես որ կայծակն է ելնում արևելքից և երևում մինչև արևմուտք, այդպես էլ լինելու է Մարդու Որդու գալուստը։
28
Որտեղ դիակն է, արծիվներն այնտեղ են հավաքվում:
29
Նեղության այդ օրերից հետո արեգակն իսկույն կխավարի, լուսինն իր լույսը չի տա, աստղերը երկնքից կընկնեն, ու երկնքի զորությունները կսասանվեն։
30
Այդ ժամանակ երկնքում կերևա Մարդու Որդու նշանը։ Եվ այդժամ երկրի բոլոր ցեղերը կողբան և կտեսնեն Մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով (Դան. 7.13, Մտթ. 26.64բ), զորությամբ ու մեծ փառքով։
31
Եվ Նա կուղարկի իր հրեշտակներին բարձրաձայն փողահարությամբ, որոնք նրա ընտրյալներին կհավաքեն չորս կողմերից՝ երկնքի մեկ ծայրից մինչև մյուս ծայրը:
32
Սովորեցեք թզենու առակից. երբ նրա ճյուղերն արդեն փափկել են և տերևը բուսել է, իմանում եք, որ ամառը մոտ է։
33
Այնպես էլ դուք, երբ այս ամենը տեսնեք, իմացե՛ք, որ Մարդու Որդին դռների մոտ է:
34
Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չի անցնի, մինչև որ այս ամենը չկատարվի։
35
Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց Իմ խոսքերը չեն անցնի:
36
Սակայն այդ օրվա ու ժամի մասին ոչ ոք չգիտի՝ ո՛չ երկնքի հրեշտակները, ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը։
37
Ինչպես Նոյի օրերն էին, այնպես էլ կլինի Մարդու Որդու գալուստը:
38
Որովհետև ինչպես ջրհեղեղին նախորդած օրերին էր, երբ ուտում-խմում էին, կին էին առնում և մարդու գնում, մինչև այն օրը, երբ Նոյը տապանը մտավ,
39
և ոչինչ չիմացան, մինչև որ ջրհեղեղը եկավ ու բնաջնջեց բոլորին, Մարդու Որդու գալուստն էլ է այդպես լինելու։
40
Այդ ժամանակ արտում երկու հոգի կլինեն. նրանցից մեկը կվերցվի, իսկ մյուսը կթողնվի:
41
Եվ եթե երկու կին մի ջրաղացում աղալիս լինեն, նրանցից մեկը կվերցվի, իսկ մյուսը կթողնվի։
42
Արդ՝ արթուն մնացեք, որովհետև չգիտեք, թե ո´ր ժամին ձեր Տերը կգա:
43
Բայց Ա՛յս իմացեք. եթե տանտերն իմանար, թե ո՛ր պահին էր գողը գալու, կհսկեր և չէր թողնի, որ իր տուն սողոսկեր։
44
Ուստի դուք էլ պատրա՛ստ եղեք, որովհետև Մարդու Որդին կգա այն ժամանակ, երբ դուք չեք սպասի:
45
Իսկ ո՞վ է այն հավատարիմ ու իմաստուն ծառան, որին իր տերը ծառաների վրա կարգեց, որպեսզի նրանց ժամանակին կերակուր տա։
46
Երանի՜ այն ծառային, որի տերը երբ գա, նրան այդպես անելիս կգտնի։
47
Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նա նրան կկարգի իր ամբողջ ունեցվածքի վրա:
48
Իսկ եթե ծառան չար լինի և իր մտքում ասի՝ “Իմ տերն ուշանում է”,
49
և սկսի իր ծառայակիցներին ծեծել, հարբեցողների հետ ուտել-խմել,
50
այդ ծառայի տերը կգա այն օրը, երբ նա չի սպասի, և այն ժամին, երբ նա տեղյակ չի լինի,
51
և նրան մեջտեղից կկտրի և նրա բաժինը կեղծավորների հետ կդնի. այնտեղ կլինի լաց և ատամների կրճտոց»։