Մատթեոս 25․ Տասը կույսերի եւ քանքարների առակը։ Վերջին դատաստանի նկարագրությունը։
⬅ Վերադառնալ
1
«Այդ ժամանակ երկնքի արքայությունը կնմանվի տասը կույսերի, որոնք, իրենց լապտերներն առած, դուրս ելան փեսային դիմավորելու։
2
Նրանցից հինգն իմաստուն էին, իսկ հինգը՝ հիմար:
3
Հիմարներն իրենց լապտերները վերցրին, բայց իրենց հետ ձեթ չվերցրին։
4
Սակայն իմաստուններն իրենց լապտերների հետ նաև ամաններով ձեթ վերցրին։
5
Եվ երբ փեսան ուշացավ, բոլորը նիրհեցին և քուն մտան։
6
Կեսգիշերին աղաղակ եղավ. “Ահա փեսան գալիս է, վե՛ր կացեք նրան ընդառաջ”։
7
Այդ ժամանակ բոլոր կույսերն արթնացան և իրենց լապտերները կարգի բերեցին։
8
Հիմարներն իմաստուններին ասացին. “Մեզ ձեր յուղի՛ց տվեք, որովհետև մեր լապտերներն ահա հանգչում են”։
9
Իմաստունները պատասխան տվեցին և ասացին. “Այնպես չլինի, որ թե՛ մեզ և թե՛ ձեզ չբավականացնի, ուստի վաճառողների մոտ գնացե՛ք և գնե՛ք ձեզ համար”։
10
Երբ նրանք գնացին գնելու, փեսան եկավ. ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահը մտան, և դուռը փակվեց։
11
Հետո եկան նաև մյուս կույսերը և ասացին. “Տե՛ր, տե՛ր, բա՛ց արա մեզ համար”։
12
Նա պատասխանեց ու ասաց. “Ճշմարիտ եմ ասում ձեզ. ես չեմ ճանաչում ձեզ”։
13
Արթո՛ւն մնացեք, որովհետև չգիտեք ո՛չ օրը, ո՛չ էլ ժամը։
14
Մի մարդ օտար երկիր գնալիս կանչեց իր ծառաներին և իր ունեցվածքը նրանց հանձնեց։
15
Մեկին հինգ քանքար տվեց, մեկին՝ երկու, մյուսին էլ՝ մեկ քանքար, յուրաքանչյուրին ըստ իր կարողության, և ճանապարհ ընկավ։
16
Նա, ով հինգ քանքար էր ստացել, գործի դրեց դրանք և ևս հինգ քանքար շահեց:
17
Նույնպես և նա, ով երկու քանքար էր ստացել, երկու քանքար ևս շահեց։
18
Իսկ նա, ով մեկ քանքար էր ստացել, գնաց, հողը փորեց և թաղեց իր տիրոջ արծաթը:
19
Եվ շատ ժամանակ անց վերադարձավ ծառաների տերը ու նրանցից հաշիվ պահանջեց։
20
Նրա մոտ եկավ նա, որ հինգ քանքար էր ստացել, հինգ քանքար ևս ներկայացրեց և ասաց. “Տե՛ր, ինձ հինգ քանքար տվեցիր. արդ, ահա դրանցով հինգ քանքար ևս շահեցի”։
21
Տերը նրան ասաց. “Կեցցե՛ս, բարի՛ և հավատարի՛մ ծառա, քանի որ այդ քչի մեջ հավատարիմ եղար, քեզ շատի վրա կկարգեմ. մտի՛ր քո Տիրոջ ուրախության մեջ”։
22
Մոտեցավ և նա, որ երկու քանքար էր ստացել, և ասաց. “Տե՛ր, ինձ երկու քանքար տվիր, ահա երկու քանքար ևս, որ դրանցով շահեցի”։
23
Տերը նրան ասաց. “Կեցցե՛ս, բարի՛ և հավատարի՛մ ծառա, քանի որ այդ քչի մեջ հավատարիմ եղար, քեզ շատի վրա կկարգեմ. մտի՛ր քո Տիրոջ ուրախության մեջ”։
24
Մոտեցավ նաև նա, որ մեկ քանքար էր ստացել, և ասաց. “Տե՛ր, գիտեի, որ խիստ մարդ ես, հնձում ես այնտեղ, որտեղ չես սերմանել, և հավաքում ես այնտեղից, որտեղ չես ցանել։
25
Վախեցա, գնացի և քո այս քանքարը հողի մեջ թաքցրի։ Արդ, ահա քոնը՝ քեզ”
26
Նրա տերն էլ պատասխանեց և ասաց նրան․ “Չա՛ր և ծո՛ւյլ ծառա, գիտեիր, որ հնձում եմ այնտեղ, որտեղ չեմ սերմանել, և հավաքում եմ այնտեղից, որտեղ չեմ ցանել։
27
Ուստի դու պետք է դրամը գոնե դրամափոխների մոտ դնեիր, որ ես վերադառնալիս տոկոսով պահանջեի այն, ինչ իմն էր։
28
Արդ, վերցրե՛ք սրանից այդ քանքարը և տվե՛ք նրան, ով տասը քանքար ունի.
29
որովհետև ամեն ոք, ով ունի, նրան կտրվի և կավելացվի, իսկ ով չունի, նրանից կվերցվի նաև ունեցածը։
30
Իսկ այս անպիտան ծառային հանե՛ք արտաքին խավարը. այնտեղ կլինի լաց և ատամների կրճտոց”:
31
Եվ երբ Մարդու Որդին գա իր փառքով, և բոլոր հրեշտակները՝ նրա հետ, այդ ժամանակ կնստի իր փառքի աթոռին։
32
Եվ բոլոր ազգերը Նրա առաջ կհավաքվեն, և Նա նրանց միմյանցից կզատի, ինչպես հովիվն է զատում ոչխարներն այծերից։
33
Ոչխարներին կկանգնեցնի իր աջ կողմում, իսկ այծերին՝ ձախ կողմում։
34
Այդժամ Թագավորը կասի նրանց, որ իր աջ կողմում են. “Եկե՛ք, իմ Հո՛ր օրհնյալներ, ժառանգե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը,
35
որովհետև քաղցեցի, և դուք ինձ ուտելիք տվեցիք, ծարավեցի, և ինձ խմելու ջուր տվեցիք, օտարական էի, և ինձ հյուրընկալեցիք,
36
մերկ էի, և ինձ հագցրիք, հիվանդ էի, և ինձ խնամեցիք, բանտում էի, և ինձ այցելեցիք”
37
Այդ ժամանակ արդարները կպատասխանեն նրան և կասեն. “Տե՛ր, քեզ ե՞րբ քաղցած տեսանք և կերակրեցինք, կամ ծարավ և ջուր տվեցինք,
38
ե՞րբ քեզ օտար տեսանք և հյուրընկալեցինք, կամ մերկ և հագցրինք,
39
ե՞րբ քեզ հիվանդ կամ բանտում տեսանք և այցելեցինք”:
40
Եվ Թագավորը կպատասխանի և կասի նրանց․ “Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք, Ինձ արեցիք”։
41
Այդ ժամանակ նա կասի նաև նրանց, որ իր ձախ կողմում են. “Անիծյալնե՛ր, ինձնից հեռո՛ւ գնացեք, դեպի հավիտենական կրակը, որ պատրաստված է սատանայի ու նրա արբանյակների համար:
42
Որովհետև քաղցեցի, և ինձ չկերակրեցիք, ծարավեցի, և ինձ խմելու ջուր չտվեցիք,
43
օտարական էի, և ինձ չհյուրընկալեցիք, մերկ էի, և ինձ չհագցրիք, հիվանդ ու բանտում էի, և ինձ չայցելեցիք”։
44
Այդ ժամանակ նրանք էլ կպատասխանեն ու կասեն. “Տե՛ր, ե՞րբ տեսանք քեզ քաղցած կամ ծարավ, կամ օտարական, կամ մերկ, կամ հիվանդ, կամ բանտում և չծառայեցինք քեզ”։
45
Այդժամ կպատասխանի նրանց և կասի. “Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին չարեցիք, ինձ էլ չարեցիք”:
46
Նրանք կգնան դեպի հավիտենական տանջանք, իսկ արդարները՝ հավիտենական կյանք »։