Մատթեոս 5․ Լեռան քարոզը:

⬅ Վերադառնալ
1 Երբ Հիսուս տեսավ բազմությունները, բարձրացավ սարը։ Երբ նստեց, Նրա աշակերտները եկան Նրա մոտ: 2 Եվ Նա իր բերանը բանալով նորանց սովորեցնում էր և ասում: 3 Երանի հոգով աղքատներին, որ նորանցն է երկնքի արքայությունը: 4 Երանի սգավորներին, որովհետև նրանք կմխիթարվեն: 5 Երանի հեզերին, որովհետև նրանք կժառանգեն երկիրը: 6 Երանի նրանց, որ սոված և ծարավ են արդարության, որովհետև նրանք կկշտանան: 7 Երանի ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն կգտնեն: 8 Երանի նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն կտեսնեն: 9 Երանի խաղաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ կկոչվեն: 10 Երանի նրանց, որ արդարության համար հալածված են, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը: 11 Երանի է ձեզ, երբ որ նախատեն ձեզ, հալածեն և ամեն չար բան սուտ տեղը կասեն ձեր վրա իմ պատճառով: 12 Ուրախացեք և ցնծացեք, որովհետև ձեր վարձը շատ է երկնքում. որովհետև այսպես հալածեցին մարգարեներին, որ ձեզանից առաջ կային: 13 Դուք երկրի աղն եք. Եթե աղն անհամանա, ինչո՞վ կհամեմվի. այլևս ոչնչի պետք չի լինի, այլ դուրս կթափվի ու մարդկանց կողմից ոտնակոխ կլինի: 14 Դուք աշխարհի լույսն եք. մի քաղաք, որ կանգնած է սարի վրա, չի կարող թաքնվել: 15 Եվ ճրագը չեն վառի և դնեն գրվանի տակ, այլ ճրագակալի վրա, և այն լույս կտա բոլորին, ովքեր տան մեջ են: 16 Այսպես լուսավորեք ձեր լույսը մարդկանց առաջ, որպեսզի նրանք ձեր բարի գործերը տեսնեն և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է: 17 Մի կարծեք, թե ես եկա օրենքը կամ մարգարեներին ջնջելու. ես չեկա ջնջելու, այլ իրականացնելու: 18 Ճշմարիտ եմ ասում ձեզ. մինչեւ երկինքն ու երկիրը անցնեն, օրենքից մեկ կետ կամ մեկ փոքր նշանագիր անգամ չի անցնի, մինչեւ որ բոլորը չկատարվի: 19 Արդ, ով որ այս ամենափոքր պատվիրաններից մեկն անգամ խախտի և մարդկանց այդպես սովորեցնի, նա փոքրագույն կկոչվի երկնքի արքայությունում. բայց ով կատարի և սովորեցնի, նա մեծ կկոչվի երկնքի արքայությունում: 20 Որովհետեւ ասում եմ ձեզ, եթե ձեր արդարությունը չգերազանցի դպիրների և փարիսեցիների արդարությանը, դուք բնավ չեք մտնի երկնքի արքայությունը: 21 Լսել եք, որ առաջիններին ասվեց, Մի սպանիր, եւ ով որ սպանե, պարտական կլինի դատաստանին: 22 Բայց Ես ասում եմ ձեզ. ով զուր տեղը բարկանա իր եղբոր վրա, կենթարկվի դատաստանի, և ով իր եղբորը ասի՝ հիմա՛ր, ենթակա կլինի ատյանի, իսկ ով իր եղբորը ասի՝ մորո՛ս, գեհենի կրակին կդատապարտվի։ 23 Արդ, եթե սեղանի վրա քո ընծան մատուցելիս լինես և այնտեղ հիշես, որ քո եղբայրը քեզ դեմ մեկ բան ունի, 24 Թո՛ղ այնտեղ քո ընծան սեղանի առաջ և գնա՛ նախ հաշտվի՛ր քո եղբոր հետ և հետո՛ եկ և մատուցի՛ր քո ընծան: 25 Փութով հաշտվիր քո հակառակորդի հետ, քանի դեռ նրա հետ ճանապարհին ես, որպեսզի չլինի, որ նա քեզ դատավորին մատնի և դատավորը քեզ մատնի դահճին և բանտը գցվես: 26 Ճշմարիտն ասում եմ քեզ, դուրս չես գա այն տեղից, մինչեւ որ վերջի նաքարակիտը չվճարես։ 27 Լսել եք, որ ասվեց առաջիններին. «Շնություն մի՛ արա»։ 28 Բայց ես ասում եմ ձեզ, թե ամեն ոք, ով կնոջ վրա նայի նրան ցանկանալու համար, արդեն շնացել է նրա հետ իր սրտի մեջ: 29 Եվ եթե քո աջ աչքը գայթակղեցնում է քեզ, հանի՛ր այն և քեզանից դեն գցիր, որովհետև ավելի լավ է քեզ համար, որ քո անդամներից մեկը կորչի, քան թե ամբողջ մարմինդ գցվի գեհեն: 30 Եվ եթե քո աջ ձեռքը գայթակղեցնում է քեզ, կտրի՛ր այն և քեզանից դեն գցիր, որովհետև ավելի լավ է քեզ համար, որ քո անդամներից մեկը կորչի, քան թե քո ամբողջ մարմինդ գեհեն ընկնի: 31 Ասվել է նաև. «Ով որ իր կնոջն արձակի, թող արձակման թուղթ տա նրան»: 32 Բայց ես ասում եմ ձեզ, թե ով որ իր կնոջն արձակի առանց պոռնկության պատճառի, նա նրան շնության է մղում. և ով որ արձակված կնոջ հետ է ամուսնանում, շնություն է անում: 33 Դարձյալ լսել եք, որ ասվեց առաջիններին. «Սուտ երդում մի՛ արա, բայց Տիրոջը վճարիր քո երդմունքը» : 34 Բայց ես ասում եմ ձեզ. բնավ երդում մի՛ արեք. ոչ երկնքով, որովհետև նա Աստծո աթոռն է, 35 Եվ ոչ երկրով, որովհետև նա Աստծո ոտքերի պատվանդանն է, և ոչ Երուսաղեմով, որովհետև նա մեծ Թագավորի քաղաքն է. 36 Եվ ոչ քո գլխով երդում արա, որովհետև չես կարող մեկ մազ սպիտակ կամ սև դարձնել: 37 Բայց ձեր խոսքը լինի՝ Այոն՝ այո, և Ոչն՝ ոչ. և սրանից ավելին չարիցն է: 38 Լսել եք, որ ասվեց. «Աչքի տեղ աչք, և ատամի տեղ ատամ»: 39 Բայց ես ասում եմ ձեզ. չարին հակառակ մի՛ կենաք, այլ ով որ ապտակ տա քո աջ երեսին, մյուսն էլ նրան դարձրու: 40 Եվ ով որ ուզենա քեզ հետ դատ վարել և քո շապիկն առնել, քո բաճկոնն էլ տուր նրան։ 41 Եվ ով որ քեզ ստիպի իր հետ մեկ մղոն գնալ, նրա հետ երկու մղոն գնա: 42 Քեզանից բան ուզողին տուր, և քեզանից փոխ առնել ցանկացողից երես մի դարձրու: 43 Լսել եք, որ ասվեց. «Քո ընկերին սիրիր, և քո թշնամուն ատիր»: 44 Բայց ես ասում եմ ձեզ. Սիրեք ձեր թշնամիներին, օրհնեք ձեզ անիծողներին, բարիք արեք ձեզ ատողներին, աղոթեք ձեզ չարչարողների և հալածողների համար: 45 Որ դուք որդիներ լինեք ձեր Հոր, որ երկնքում է, որովհետև նա արեգակը ծագեցնում է և չարերի և բարիների վրա, անձրև է բերում և արդարների և անիրավների վրա: 46 Որովհետև, եթե միայն ձեզ սիրողներին սիրեք, ի՞նչ վարձք ունեք. չէ՞ որ մաքսավորներն էլ նույնն են անում: 47 Եվ եթե միայն ձեր եղբայրներին բարև տաք, ի՞նչ ավելի բան եք անում. չէ՞ որ հեթանոսներն էլ նույնն են անում: 48 Արդ, դուք կատարյալ եղեք, ինչպես ձեր Երկնավոր հայրն է կատարյալ:
🏠 Գլխավոր էջ