Մատթեոս 20․ Առակը այգու աշխատողների մասին. Քրիստոսը նախապես հայտնում է Իր չարչարանքների մասին. Զեբեդեոսի որդիների մոր խնդրանքը. Քրիստոսը բուժում է երկու կույրերի աչքերը։

⬅ Վերադառնալ
1 «Երկնքի արքայությունը նման է մի տանուտիրոջ, որ վաղ առավոտյան դուրս եկավ իր այգու համար մշակներ վարձելու։ 2 Եվ մշակների հետ օրը մեկ դահեկան պայմանավորվելով, նրանց իր այգին ուղարկեց: 3 Երրորդ ժամին մոտ դուրս եկավ և տեսավ ուրիշների, որ հրապարակում անգործ կանգնած էին։ 4 Նրանց էլ ասաց. “Դուք էլ գնացեք այգի, և ինչ որ արժան է, կտամ ձեզ”։ 5 Նրանք էլ գնացին։ Եվ դարձյալ վեցերորդ և իններորդ ժամերին դուրս ելնելով՝ նույնն արեց: 6 Տասնմեկերորդ ժամին մոտ ևս դուրս ելնելով՝ գտավ ուրիշների, որ պարապ կանգնած էին, և ասաց նրանց. “Ի՞նչու եք ամբողջ օրը այստեղ պարապ կանգնած”: 7 Նրանք պտասխանեցին. “Որովհետև ոչ ոք մեզ չվարձեց”։ Նա նրանց ասաց. “Դուք էլ գնացեք այգի, և ինչ որ արժան է, կստանաք”։ 8 Եվ երբ իրիկուն եղավ, այգու տերը իր տան վերակացուին ասաց. “Կանչիր մշակներին և տուր նրանց վարձը՝ սկսած վերջիններից մինչև առաջինները”։ 9 Եվ ովքեր տասնմեկերորդ ժամին էին վարձվել, եկան և յուրաքանչյուրը մեկ դահեկան ստացավ: 10 Եվ առաջին ժամին վարձվածներն էլ եկան և կարծեցին, թե ավելին կստանան։ Բայց նրանք էլ յուրաքանչյուրը մեկ դահեկան ստացավ: 11 Բայց երբ ստացան, տանտիրոջը տրտնջացին ու ասացին. 12 “Այս վերջինները միայն մեկ ժամ աշխատեցին, իսկ դու նրանց մեզ հետ հավասար արեցիր, մինչդեռ մենք կրեցինք օրվա ծանրությունն ու տապը”։ 13 Եվ նա պատասխանեց նրանցից մեկին ու ասաց. “Ընկեր, ես քեզ չեմ զրկում. չէ՞ որ դու ինձ հետ մի դահեկանով համաձայնվեցիր: 14 Քոնը առ և գնա։ Բայց ես ուզում եմ այս վերջինին ևս վճարել այնքան, որքան քեզ: 15 Մի՞թե ես իշխանություն չունեմ ուզածիս պես վարվելու ունեցածիս հետ. թե՞ գուցե նախաձնում ես, որ ես բարի եմ”։ 16 Այսպես վերջինները կլինեն առաջիններ, և առաջինները՝ վերջիններ, որովհետև շատերն են կանչված, բայց քչերն են ընտրված»։ 17 Երբ Հիսուսը բարձրանում էր Երուսաղեմ, տասներկու աշակերտներին առանձնացրեց և ճանապարհին նրանց ասաց. 18 «Ահա վեր ենք ելնում Երուսաղեմ և Մարդու Որդին պիտի մատնվի քահանայապետներին ու դպիրներին և նրանք պիտի դատապարտեն Նրան մահվան. 19 Եվ Նա կհանձնվի հեթանոսներին՝ ծաղրվելու, գանահարվելու և խաչի վրա բարձրացվելու համար։ Բայց երրորդ օրը Նա հարություն կառնի»։ 20 Այդ ժամանակ Հիսուսին մոտեցավ Զեբեդեոսի որդիների մայրն իր որդիների հետ, երկրպագեց Նրան և Նրանից մի բան խնդրեց։ 21 Հիսուսը նրան ասաց. «Ի՞նչ ես ուզում»։ Կինը Նրան ասաց. «Խնդրում եմ ասա, որ իմ այս երկու որդիներից մեկը նստի Քո աջ կողմում, իսկ մյուսը՝ ձախ , Քո արքայության մեջ»։ 22 Հիսուսը պատասխանեց և ասաց. «Չգիտեք, թե ինչ եք խնդրում։ Կարո՞ղ եք խմել այն բաժակը, որը Ես եմ խմելու, կամ մկրտվել այն մկրտությամբ, որով Ես եմ մկրտվելու»։ Նրանք ասացին. «Կարող ենք»: 23 Հիսուսն ասաց նրանց. «Իմ բաժակից իսկապես պիտի խմեք ու այն մկրտությամբ, որով Ես պիտի մկրտվեմ, մկրտվելու եք, բայց իմ աջ և ձախ կողմերում նստեցնելը Ես չեմ տալիս. դա կտրվի նրանց, որոնց համար պատրաստված է Իմ Հոր կողմից»։ 24 Երբ մյուս տասը լսեցին, բարկացան երկու եղբայրների վրա: 25 Հիսուսը նրանց իր մոտ կանչելով ասաց. «Գիտեք, որ առաջնորդները տիրում են ազգերին, և մեծամեծները իշխանություն են բանեցնում նրանց վրա: 26 Բայց ձեզ մոտ այդպես չպետք է լինի, այլ ձեզնից ով ուզում է մեծ լինել, ձեր ծառան պետք է լինի, 27 Եվ ձեզնից ով ցանկանում է առաջինը լինել, ձեր ծառան պետք է լինի, 28 ինչպես որ Մարդու Որդին չեկավ, որպեսզի իրեն ծառայեն, այլ որ ինքը ծառայի, և շատերի փոխարեն իր կյանքը տա որպես փրկագին»։ 29 Եվ երբ նրանք դուրս եկան Երիքովից, մեծ բազմություն հետևեց նրանց: 30 Ահա ճանապարհի եզրին երկու կույրեր էին նստած։ Երբ լսեցին, որ Հիսուսն է անցնում, սկսեցին աղաղակել ու ասել. «Ողորմի՛ր մեզ, Տե՛ր, Դավթի Որդի»։ 31 Բայց ամբոխը հանդիմանեց նրանց, որպեսզի լռեն, իսկ նրանք ավելի ուժգին էին աղաղակում ու ասում. «Ողորմիր մեզ, Տե՛ր, Դավթի Որդի»։ 32 Եվ Հիսուսը կանգ առավ, կանչեց նրանց և ասաց. «Ի՞նչ եք ուզում, որ ձեզ համար անեմ»։ 33 Նրան ասացինցին. «Տե՛ր, թող մեր աչքերը բացվեն»։ 34 Հիսուսը գթաց նրանց, դիպավ նրանց աչքերին, և նրանց աչքերը իսկույն բացվեցին, ու նրանք գնացին Նրա հետևից։
🏠 Գլխավոր էջ