Մատթեոս 22․ Հարսանիքի առակը։ Հերովդեսականները։ Սադուկեցիները։
⬅ Վերադառնալ
1
Եվ Հիսուսը դարձյալ խոսեց նրանց հետ առակներով և ասաց։
2
«Երկնքի արքայությունը նման մի թագավոր մարդու, որն իր որդու համար հարսանիք արեց։
3
Նա իր ծառաներին ուղարկեց, հրավիրյալներին հարսանիքի կանչելու, բայց նրանք չկամեցան գալ։
4
Կրկին ուրիշ ծառաներ ուղարկեց և ասաց. «Ասե՛ք հրավիրյալներին. “Ահա իմ ճաշը պատրաստեցի, իմ եզները և պարարտ անասունները մորթված են, և ամեն ինչ պատրաստ է. եկե՛ք հարսանիքի” »։
5
Իսկ նրանք, անտեսելեվ հեռացան. մեկը գնաց իր արտը, իսկ մյուսն՝ իր առևտրին:
6
Իսկ մնացածները, բռնելով նրա ծառաներին, վիրավորեցին և սպանեցին նրանց:
7
Երբ թագավորը լսեց, բարկացավ և իր զորքն ուղարկեց, կոտորեց մարդասպաններին և այրեց նրանց քաղաքը:
8
Այդ ժամանակ նա իր ծառաներին ասաց․ “հարսանիքը պատրաստ է, բայց հրավիրվածները արժանի չէին:
9
Արդ, գնացեք ճանապարհների խաչմերուկները և ում էլ որ գտնեք, հարսանիքի հրավիրեք ”:
10
Եվ ծառաները դուրս գնացին դեպի ճանապարհները, ժողովեցին բոլորին ում գտան, և չարերին և բարիներին և հարսանիքը լցվեց հյուրերով:
11
Երբ թագավորը մտավ, որպեսզի նայի հյուրերին, այնտեղ մի մարդու տեսավ, որը հարսանիքի հանդերձ չէր հագել:
12
Եվ նա ասաց նրան․ “ընկեր, ինչպե՞ս ես այստեղ մտել, երբ հարսանիքի հանդերձ չունես։ Եվ նա պապանձվեց ”:
13
Այն ժամանակ թագավորը ասաց ծառաներին․ “կապեցեք նրա ձեռքերն ու ոտքերը, վերցրեք նրան և դուրս գցեք դուրս՝ խավարի մեջ. այնտեղ կլինի լաց և ատամների կրճոտցը:
14
Որովհետև շատերն են կանչված, բայց քչերն են ընտրված ”»:
15
Այդ ժամանակ փարիսեցիները գնացին և խորհուրդ արեցին Հիսուսի դեմ, թե ինչպես կարող են խոսքերով ծուղակը գցել Նրան:
16
Եվ իրենց աշակերտներին Հերովդեսականների հետ ուղարկեցին Նրա մոտ և ասացին․ «Վարդապետ, մենք գիտենք, որ դու ճշմարիտ ես, և Աստծո ճանապարհն ուսուցանում ես ճշմարտությամբ, և ոչ մեկից չես վախենում, որովհետև երեսպաշտություն չես անում:
17
Արդ, ասա մեզ, ինչպե՞ս ես կարծում․ Կայսրին հարկ տա՞լը օրինավո՞ր է, թե՞ ոչ»:
18
Եվ Հիսուսը, նրանց խորամանկ մտադրությունն իմանալով, ասաց․ «ինչո՞ւ եք փորձում ինձ, կեղծավորնե՛ր։
19
Ցույց տվեք ինձ հարկի դինարը»։ Եվ նրանք բերեցին ու Հիսուսին տվեցին մեկ դինար։
20
Եվ նրանց ասաց․ «Այս պատկերը և գրությունն ո՞ւմն է »։ Նրան պատասխանեցին՝ «Կայսրինը»։
21
Այդ ժամանակ նրանց ասաց. «Գնացե՛ք, տվե՛ք կայսրինը՝ կայսրին և Աստծունը՝ Աստծուն»։
22
Եվ երբ լսեցին, զարմացան, թողեցին Նրան ու գնացին:
23
Այդ օրը Հիսուսի մոտ եկան սադուկեցիները, որոնք ասում էին, թե հարություն չկա։
24
Եվ ասացին․ «Վարդապետ, Մովսեսն ասել է՝ “եթե մի մարդ անզավակ մահանա, նրա եղբայրը թող նրա կնոջն առնի և իր եղբոր համար զավակ բերի” (Բ Օր. 25.5):
25
Մեզ մոտ յոթ եղբայրներ կային․ Առաջինը կին առավ ու մեռավ և քանի որ զավակ չուներ, իր կնոջը թողեց իր եղբորը։
26
Նույն կերպ էլ երկրորդ եղբայրը, երրորդը՝ մինչև յոթերորդը
27
Բոլորից հետո նաև կինը մահացավ:
28
Հիմա հարության ժամանակ նա այդ յոթից որի՞ կինը կլինի, որովհետև բոլորն էլ նրան կնության առան»։
29
Հիսուսը պատասխանեց և ասաց նրանց․ «Մոլորված եք, որովհետև չեք հասկանում ո´չ Սուրբ գիրքը, ո´չ էլ Աստծո զորությունը։
30
Քանզի հարության ժամանակ ո´չ կին են առնելու ո´չ էլ ամուսին, այլ կլինեն ինչպես Աստծո հրեշտակները երկնքում:
31
Իսկ մեռելների հարության մասին չէ՞ք կարդացել այն, ինչ Աստված ասաց ձեզ.
32
“Ես եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը, և Հակոբի Աստվածը”(Ելք 3.6)։ Աստված մեռելների Աստված չէ, այլ ողջերի»:
33
Եվ ժողովուրդը լսելով՝ զարմանում էր Նրա վարդապետության վրա:
34
Բայց երբ փարիսեցիները լսեցին, որ Հիսուսը պապանձեցրեց սադուկեցիներին, միմյանց մոտ հավաքվեցին։
35
Եվ նրանցից մեկը՝ օրենքի գիտակ, Նրան փորձելու համար հարցրեց և ասաց.
36
«Վարդապե´տ, օրենքի մեջ ո՞րն է ամենամեծ պատվիրանը»:
37
Եվ Հիսուսը նրան ասաց․ « “ Սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով”:(Բ Օր. 6.5):
38
Սա է առաջին ու ամենամեծ պատվիրանը:
39
Եվ երկրորդն էլ սրա նման է․ “Սիրիր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ”(Ղևտ. 19.18, Մտթ. 5.43):
40
Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ օրենքն ու մարգարեները»:
41
Երբ փարիսեցիները հավաքված էին, Հիսուսը նրանց հարցրեց և ասաց.
42
«Ի՞նչ եք կարծում Քրիստոսի մասին․ ո՞ւմ որդին է Նա»։ Նրան պատասխանեցին՝ Դավթի։
43
Նա նրանց ասաց․« Ապա ինչպե՞ս է, որ Դավիթը հոգով Նրան “Տեր” է կոչում՝ ասելով.
44
“Տերն իմ Տիրոջն ասաց․ Նստի´ր իմ աջ կողմում, մինչև քո թշնամիներին իբրև պատվանդան դնեմ ոտքերիդ” (Սաղ.110.1)։
45
Արդ, եթե Դավիթը Նրան “Տեր” է կոչում, ապա ինչպես՞ է Քրիստոսը նրա որդին»:
46
Եվ ոչ ոք չէր կարողանում Նրան պատասխանել և այդ օրվանից հետո էլ ոչ ոք չէր համարձակվում Նրան մի բան հարցնել: