Մատթեոս 14․ Հովհաննես Մկրտչի սպանությունը։ Քրիստոսի հրաշքները:
⬅ Վերադառնալ
1
Այդ ժամանակ Հերովդես չորրորդապետը լսեց Հիսուսի համբավի մասին
2
Եվ ասաց իր ծառաներին. «Նա Հովհաննես Մկրտիչն է, հարություն է առել մեռելներից, դրա համար էլ նրա միջոցով հրաշքներ են կատարվում»։
3
Որովհետև Հերովդեսը բռնել էր Հովհաննեսին, կապել և բանտ էր նետել իր եղբոր Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով,
4
Որովհետև Հովհաննեսը նրան ասում էր. «Արժանի չէ քեզ, որ նրան ունենաս»։
5
Եվ նա ուզում էր նրան սպանել, բայց վախենում էր ժողովրդից, որովհետև ժողովուրդը Հովհաննեսին որպես մարգարե էր ընդունում:
6
Եվ երբ Հերովդեսի ծննդյան օրը եկավ, Հերովդիայի դուստրը հանդեսի ժամանակ պարեց և դա դուր եկավ Հերովդեսին:
7
Եվ նա երդմամբ խոստացավ աղջկան տալ այն, ինչ որ նա ուզեր:
8
Նա էլ, նախապես իր մորից խրատված լինելով, ասաց. «Տուր այստեղ՝ սկուտեղի վրա Հովհաննես Մկրտչի գլուխը»:
9
Եվ թագավորը տրտմեց, բայց իր երդումների և իր սեղանակիցների պատճառով հրամայեց, որ նրան տրվի:
10
Եվ մարդիկ ուղարկեց, բանտում գլխատել տվեց Հովհաննեսին։
11
Նրա գլուխը բերեցին սկուտեղի վրա և տվեցին աղջկան։ Նա էլ այն իր մորը տարավ:
12
Եվ նրա աշակերտները եկան, վերցրին Հովհաննեսի մարմինը և թաղեցին, ապա եկան պատմեցին Հիսուսին:
13
Երբ Հիսուսն այդ լսեց, Նա միայնակ նավով գնաց այնտեղից դեպի մի ամայի տեղ։ Երբ ժողովուրդը լսեց, քաղաքներից ոտքով գնաց Նրա հետևից:
14
Հիսուսը, ցամաք ելնելով, շատ ժողովուրդ տեսավ, գթաց նրանց և բժշկեց հիվանդներին:
15
Եվ երբ երեկո եղավ, աշակերտները եկան Նրա մոտ և ասացին. «Այս տեղն ամայի է, և ժամանակն արդեն անցել է։ Արձակիր ժողովուրդներին, որ գնան գյուղեր և իրենց համար ուտելիք առնեն»:
16
Հիսուսն էլ ասաց նրանց. «Կարիք չկա, որ գնան. Դուք նրանց ուտելիք տվեք»:
17
Նրանք էլ ասացին Հիսուսին. «Մենք այստեղ ոչինչ չունենք, բացի հինգ հացից և երկու ձկից»։
18
Իսկ Նա ասաց. «Դրանք բերեք այստեղ՝ Իմ մոտ»:
19
Եվ կարգադրեց, որ ժողովուրդը նստի խոտերի վրա։ Եվ հինգ հացն ու երկու ձուկը վերցրեց, նայեց դեպի երկինք, օրհնեց, մաս-մաս արեց, հացերը տվեց աշակերտներին, իսկ աշակերտները՝ ժողովրդին:
20
Եվ բոլորը կերան և կշտացան, մնացած կտորները հավաքեցին՝ տասներկու զամբյուղ լցված:
21
Եվ ուտողները հինգ հազարի չափ մարդիկ էին՝ չհաշված կանանց և երեխաներին:
22
Հիսուսն իսկույն ստիպեց իր աշակերտներին, որ նավ նստեն և իրենից առաջ լճի մյուս կողմն անցնեն, մինչ ինքն այդ ժողովրդին արձակի:
23
Երբ ժողովրդին արձակեց, բարձրացավ լեռը՝ առանձին աղոթք անելու։ Եվ երբ երեկո եղավ, Հիսուսն այնտեղ մենակ էր:
24
Բայց նավը արդեն ծովի մեջտեղում էր, ալեկոծվում էր, որովհետև քամին հակառակ կողմից էր:
25
Գիշերվա չորրորդ պահին, Հիսուսը լճի վրա քայլելով, նրանց մոտ եկավ:
26
Եվ երբ աշակերտները տեսան Նրան ծովի վրայով քայլելիս, շփոթվեցին և ասացին. «Դա ուրվական է» և վախից աղաղակեցին:
27
Եվ Հիսուսն իսկույն խոսեց նրանց հետ և ասաց. «Քաջալերվեք, Ես եմ. մի վախեցեք»:
28
Եվ Պետրոսը պատասխանեց Նրան և ասաց. «Տե՛ր, եթե դու ես, հրամայի՛ր ինձ ջրի վրայով Քեզ մոտ գալ»:
29
Նա էլ ասաց. «Եկ»։ Եվ Պետրոսը նավից իջնելով, քայլեց ջրերի վրայով, որպեսզի գա Հիսուսի մոտ:
30
Եվ երբ տեսավ, որ քամին սաստիկ է, վախեցավ. և երբ սկսեց սուզվել, աղաղակեց և ասաց. «Տե՛ր, փրկի՛ր ինձ»:
31
Հիսուսն իսկույն ձեռքը մեկնեց, բռնեց նրան և ասաց. «Թերահավա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր»:
32
Եվ երբ նավը մտան, քամին հանդարտվեց:
33
Եվ նավի մեջ եղողները երկրպագեցին Նրան և ասացին․ «Իսկաապես Դու Աստծո Որդին ես»։
34
Եվ երբ անցան լճի մյուս կողմը, եկան Գեննեսարեթի գավառը:
35
Տեղաբնակները Հիսուսին ճանաչելով, տեղեկացրին ամբողջ շրջակայքին և բոլոր հիվանդներին բերեցին Նրան մոտ:
36
Եվ Նրան աղաչում էին, որ գոնե Նրա հանդերձի ծայրին դիպչեն. և ովքեր որ դիպան, բժշկվեցին: