Մատթեոս 15․ Քրիստոսը հանդիմանում է փարիսեցիներին, բժշկում է Քանանացի կնոջ աղջկան և կատարում բազմաթիվ հրաշքներ։
⬅ Վերադառնալ
1
Այդ ժամանակ Հիսուսին մոտեցան Երուսաղեմի դպիրներն ու փարիսեցիները և ասացին.
2
«Ինչո՞ւ քո աշակերտները ծերերի ավանդույթը զանց են անում, քանի որ իրենց ձեռքերը չեն լվանում, երբ որ հաց են ուտում»:
3
Նա էլ պատասխանեց և ասաց նրանց. «Իսկ դուք ինչո՞ւ եք Աստծո պատվիրանները անտեսում՝ ձեր ավանդույթների պատճառով։
4
Որովհետև Աստված ասել է. “Պատվիր քո հորն ու մորը” (ելք 20.12, Բ օր. 5.16) և “Ով իր հորը կամ մորը չարախոսի մահվան կդատապարտվի” (Ելք 21.17, Ղևտ. 20.9):
5
Իսկ դուք ասում եք. “Ով որ հորը կամ մորն ասի` “Այն օգնությունը որ ինձնից պիտի ստանայիր Աստծուն եմ ընծայել”,
6
և կարող է իր հորը կամ իր մորը չպատվել”: Ձեր ավանդույթի պատճառով խախտում եք Աստծո պատվիրանը:
7
Կեղծավորներ, լավ մարգարեացավ ձեր մասին Եսային՝ ասելով.
8
“Այս ժողովուրդը իր բերանով է մոտենում Ինձ, և շուրթերով է Ինձ փառավորում, բայց նրանց սիրտը հեռացած է Ինձնից:
9
Զուր տեղն են պաշտում Ինձ՝ սովորեցնելով վարդապետություններ, որոնք մարդկանց կողմից հորինված են:” (Ես. 29.13)»:
10
Եվ Հիսուսը ժողովրդին իր մոտ կանչելով, ասաց. «Լսեցե՛ք ու հասկացե՛ք.
11
մարդուն պղծում է ոչ թե այն, ինչ նրա բերանն է մտնում, այլ այն, ինչ նրա բերանից է դուրս գալիս»։
12
Այն ժամանակ աշակերտները մոտենալով Նրան ասացին. «Գիտե՞ս, որ փարիսեցիներն այդ խոսքը լսելով՝ գայթակղվեցին»:
13
Նա էլ պատասխան տվեց ու ասաց. «Ամեն տունկ, որ իմ երկնավոր Հայրը չի տնկել, արմատախիլ կարվի:
14
Թողեք նրանց. նրանք կույր են և կույրերի առաջնորդներ: Երբ կույրը կույրին առաջնորդի, երկուսն էլ միասին փոսը կընկնեն»։
15
Այն ժամանակ Պետրոսը Հիսուսին ասաց. «Մեկնիր մեզ այդ առակը»։
16
Հիսուսն էլ ասաց. «Դո՞ւք էլ դեռ չեք հասկանում:
17
Չէ՞ք հասկանում, որ այն ամենը, ինչ բերանն է մտնում, փորն է գնում և ապա արտաքնոց գցվում:
18
Սակայն այն բաները, որոնք դուրս են գալիս բերանից, սրտից են դուրս գալիս, և դրանք են պղծում մարդուն:
19
Որովհետև սրտից են դուրս գալիս չար խորհուրդներ, սպանություններ, շնություններ, պոռնկություններ, գողություններ, սուտ վկայություններ, հայհոյություններ:
20
Սրանք են, որ պղծում են մարդուն, բայց անլվա ձեռքերով ուտելը մարդուն չի պղծում»:
21
Եվ Հիսուսն այնտեղից դուրս գալով գնաց Տյուրոսի և Սիդովնի կողմերը:
22
Եվ ահա մի Քանանացի կին, այդ կողմերից դուրս գալով, աղաղակում էր Նրան և ասում. «Ողորմիր ինձ, Տե՛ր, Դավթի Որդի, իմ աղջիկը տառապում է դևից:»
23
Եվ Նա նրան ոչ մի խոսք չպատասխանեց։ Իսկ Նրա աշակերտները մոտենալով խնդրում էին Նրան՝ ասելով. «Արձակիր նրան, որովհետև նա աղաղակում է մեր հետևից»:
24
Նա էլ պատասխան տվեց ու ասաց. «Ես ուղարկվել եմ միայն Իսրայելի տան կորած ոչխարների մոտ»։
25
Այդ կինն էլ եկավ, Նրան երկրպագեց և ասաց. «Տե՛ր, օգնիր ինձ»:
26
Նա էլ պատասխան տվեց և ասաց. «Լավ չէ երեխաների հացը վերցնել և շների առաջ գցել»։
27
Նա էլ ասաց. «Այո՛, Տե՛ր, բայց շներն էլ կերակրվում են իրենց տերերի սեղանից ընկած փշրանքներով»։
28
Այդ ժամանակ Հիսուսը պատասխան տվեց և ասաց նրան. «Ո՛վ կին, մեծ է քո հավատքը. թող քեզ քո ուզածի պես լինի»։ Եվ նրա աղջիկը բժշկվեց հենց այդ պահին։
29
Եվ Հիսուսը այնտեղից հեռանալով եկավ Գալիլեայի լճի մոտ, և բարձրացավ լեռը ու նստեց այնտեղ:
30
Եվ շատ ժողովուրդներ եկան Նրա մոտ՝ իրենց հետ բերելով կաղեր, կույրեր, համրեր, հաշմանդամներ և ուրիշ շատ հիվանդներ, և նրանց դրեցին Հիսուսի ոտքերի առաջ, և Նա նրանց բժշկեց:
31
Եվ ժողովուրդները զարմանում էին՝ տեսնելով համրերին խոսելիս, հաշմանդամներին՝ առողջացած, կաղերին՝ քայլելիս, և կույրերին՝ տեսնելիս. և փառաբանում էին Իսրայելի Աստծուն:
32
Եվ Հիսուսն աշակերտներին Իր մոտ կանչելով ասաց. «Գութս շարժվում է այս ժողովրդի վրա, որովհետև արդեն երեք օր է, ինձ մոտ են, և բան չունեն ուտելու։ Եվ չեմ ուզում նրանց քաղցած արձակել, որ հանկարծ ճանապարհին չնվաղեն»:
33
Եվ Նրա աշակերտները Նրան ասացին. «Որտեղի՞ց մեզ այս ամայի վայրում այնքան հաց, որ այսքան ժողովուրդ կշտանա»:
34
Եվ Հիսուսը նրանց ասաց. «Քանի՞ հաց ունեք»։ Նրանք էլ ասացին. «Յոթ և մի քանի փոքր ձկներ»։
35
Եվ Նա կարգադրեց ժողովրդին, որ նստեն գետնի վրա:
36
Եվ վերցնելով այն յոթ հացը և ձկները՝ գոհություն հայտնեց, կտրեց ու տվեց աշակերտներին, իսկ աշակերտներն էլ՝ ժողովրդին:
37
Եվ բոլորը կերան ու կշտացան։ Եվ ավելացած կտորներով յոթ զամբյուղ լցրեցին:
38
Եվ ուտողները մոտ չորս հազար տղամարդիկ էին, կանանցից և երեխաներից բացի:
39
Հիսուսը բազմությանն արձակելուց հետո, նավ նստեց և եկավ Մագդաղայի սահմանները: